Ամեն անգամ Սուրբ Ծնննդյան պատարագից հետո թվում է, թե աշխարհում ամեն ինչ է փոխվել, ամեն ինչ ավելի է բարիացել, ու մոռացված ոչնիչ ու ոչ ոք չկա: Միշտ հավատացած եմ եղել, որ աշխարհում չկա ոչ ոք, որ այդ օրը գոնե մի անգամ չժպտա ու շնորհակալ չլինի իր կյանքի համար ու չձգտի փրկության՝ հոգու փրկության, որը ավելի կարևոր է, քան մարմնի փրկությունը:  Վստահ էի, որ Սուրբ Ծննդյան ավետիսով պարուրված երջանկությունը այնքան ուժեղ էր ու մեծ, որ բավականացնում էր բոլորին:

Ես վստահ էի այս ամենի մեջ մինչ այն պահը, երբ հանկարծ ուժեղ հարված զգացի մեջքիս և ինձ գտա մի անծանոթ շենքի մուտքի սառը սալահատակին: Պետք է սովորած լինեի, որ ձնոտ ոտքերով չպետք է վազելով մտնել շենք: Բայց արդեն ուշ էր. ես արդեն անհաջող ընկել էի: Մի կերպ բարձրացա, զսպեցի ինձ, մի քանի անգամ խորը շնչեցի, որ արագ աշխատող սիրտս հանդարտվի, ու ինձ սևեռված ու վախեցած հայացքներին ասացի,  որ ամեն ինչ լավ է: Սուրբ Ծնունդ էր, դժվար թե վատ լիներ: Վախեցած հայացքները վերածվեցին զարմանքի, հետո էլ անզուսպ ծիծաղի: Երբ վերջապես այն ավարտվեց, որոշեցինք  կատարել այն այցը, որի համար մտել էինք շենք: Դուռը թակեցինք:  Բարեբախտաբար բնակարանն առաջին հարկում էր, հակառակ դեպքում դժվար ի վիճակի լինեի այդ անհաջող վայրէջքից հետո բարձրանալ ևս մի հարկ: Թակելուց մի քանի վայրկյան անց լսվեց մեկի ծանր ոտնաձայները դռան հետևում: Բացվեց փականը ու կիսաբաց դռան հետևում երևաց մի ծեր կին: Մուտքի և կիսամութ միջանցքի խավար լուսավորությունը թույլ չտվեց, որ կինը միանգամից ճանաչի անսպասելի հյուրերին: Հյուրերից մեկը մոտեցավ, գրկեց կնոջը: Կինը ժպտաց և շփոթված հայացքը թաքցրեց մի քանի կցկտուր խոսքերի հետևում: Հյուրերից մեկը, որ մի քանի վայրկյան առաջ գրկել էր ծեր կնոջը, առաջ գնաց դեպի սենյակ,մյուսներն էլ հետևեցին իրեն: Հյուրերը մտան մի փոքր ու խղճուկ  սենյակ: Սենյակի մի անկյունում՝ հենց դռան կողքին, դրված էր մի մահճակալ, որին նստած էր մոտ քառասուն տարեկան մի տղամարդ: Նա հյուրերին տեսնելով արագ ոտքի կանգնեց: Մի քանի վայրկյանում տղամարդը հայտնվեց հյուրերի կողքին ու սկսեց անհասկանալի շարժումներ անել: Տղամարդը հիվանդ էր, ուներ հոգեկան որոշ շեղումներ: Հյուրերը մինչ այցն էին զգուշացվել այդ մասին. նրանք անակնկալի չեկան, միայն ուշադիր նայում էին վերջինիս: Սենյակում ցուրտ էր. մեջտեղում դրված էր ջեռուցման համար նախատեսված էլեկտրական սարք, բայց այն հավանաբար անջատված էր, կամ էլ շատ կամաց էր միացված: Սենյակում դրված էին նաև երկու ուրիշ մահճակալներ, որոնցից մեկի վրա պառկած էր ծեր կնոջ հիվանդ ամուսինը: Հիվանդը գրեթե չէր երևում հնամաշ ծածկոցների ու վերմակի տակ: Դեղին գլխարկն էլ ձգվում էր մինչ աչքերը: Հյուրերից մեկը մոտեցավ հիվանդին, բռնեց ձեռքը: Հիվանդն ոչինչ չասեց, բայց հավանաբար ճանաչեց հյուրին: Ուղիղ վեց տարի էր անցել այն օրից, երբ առաջին անգամ տեսա այդ ծերունուն:

Նորից ձմեռ էր, նորից Սուրբ Ծնունդ էր ու նորից ցուրտ: Վստահաբար ամենացուրտ ձմեռն էր: Ծերունին ձեռնափայտը ձեռքին մի կերպ մտավ բակ և քայլերն ուղղեց դեպի բակի մյուս մասում գտնվող փոքրիկ տունը, որը բաղկացած էր երկու սենյակից՝ մեծ և փոքր: Փոքր սենյակի մեծ պատուհաններից հանկարծ երևաց նրա լողացող պատկերը, որ ամեն կերպ ջանում էր անցնել սառած ձյան և սառույցի վրայով: Երբ արդեն անցել էր, շատ զգույշ բացեց տան դուռը և ներս մտավ: Նրան մոտեցավ իր հարսը, որը իրենից մի քանի տարի էր փոքր: Իրար լուռ ողջունեցին, հարսը վերցրեց ծերունու վերարկուն, առաջարկեց սենյակում դրված աթոռներից մեկը և նրանք տեղավորվեցինք իրար դիմաց

ծերունի

դրված աթոռներին: Երկուսն էլ լուռ էին: Խոսելն արդեն իմաստ չուներ նրանցից ոչ մեկի համար: Ծերունին գլուխը բարձրացրեց և նայեց իր եղբոր՝ պատին կախված նկարին, ու մաշված աչքերից արցունքի մի բարակ գետ հոսեց: Ցանկացավ արագ սրբել աչքերը, որ իր հարսը, որ մի քանի օր առաջ էր այրիացել, չնկատեր: Բայց չստացվեց: Երկուսով լուռ նստեցին երկար, լուռ լացեցին: Նրանցից յուրաքանչյուրը լացում էր իր ցավի համար. տարեց այրին դեռ սգում էր ամուսնու անսպասելի մահը, իսկ ծերունին տասն օր էր, ինչ փորձում էր հենց իր համար ներում ու մխիթարություն գտնել, փորձում էր իր համար արդարացում գտնել: Նա միակն էր, որ վերջին տասն օրերի ընթացքում գալիս էր այցի ոչ թե խոսելու, այլ լռելու համար: Նա թերևս միակն էր, որ այդ օրերին արդարացման բացատրություն  չէր տալիս:  Ծերունու՝ սգացող եղբոր արցունքների հետ խառնվել էր նաև անսահման կարոտը եղբոր հանդեպ, իսկ այդ կարոտը գալիս էր տարիների խորքից: Պատին կախած նկարում եղբայրը այնքան երիտասարդ էր, կենսախինդ ու առողջ: Նա միայն այդպես էր հիշելու իր կրտսեր եղբորը, քանի որ նրան հիվանդ այդպես էլ չտեսավ: Վերջին անգան եղբորը տասը տարի առաջ էր տեսել և տաս օր առաջ՝ թաղման օրը: Երբ իր այցն արդեն ավարտված համարեց, ծերունին դանդաղ ոտքի կանգնեց, հարսը օգնեց, որ հագնի վերարկուն: Հետո էլ հարսը դարակից հանեց ծխախոտների մի մեծ տուփ և  տվեց ծերունուն՝ ասելով, որ դա նրա եղբորն էր, որը նա այդպես էլ չհասցրեց վերջացնել: Հետո էլ գնաց ու այնդպես էլ չհիշեց, որ Սուրբ Ծնունդ էր: Ծերունին դեռ մի քանի անգամ էլ այցելեց իր եղբոր այրիին մինչ վերջնական անկողին ընկնելը:

Հիմա էր պառկած էր լուռ ու մտքում հավանաբար խոսում էր  վաղուց մահացած իր հարազատների հետ: Սա գուցե և լինի նրա վերջին Սուրբ Ծնունդը, բայց նա հավանաբար դա էլ չնկատեց: Մյուս հյուրերը անշարժացած կանգնած էին դռան մոտ: Ծեր կնոջ առաջարկով նրանք նստեցին: Տիրեց լռությունը, որը հազարավոր ասեղներից ավելի խորն ու ցավոտ էր խոցում: Հետո հյուրը ոտքի ելավ, ծեր կնոջը բացատրեց այցի նպատակը, սեղանին դրեց այն, ինչ նրանց համար էին բերել:  Ծեր կնոջ աչքերում ուրախություն մի փոքր փայլ երևաց, և միայն այդ ժամանակ հիշեց, որ Սուրբ Ծնունդ էր: Ժպտաց: Բայց կցանկանար շատ ավելին ասեր՝ իրենց չմոռանալու համար, բայց չկարողացավ: Միայն կարողացավ հյուրերին առաջարկել սուրճ: Բայց անակնկալ հյուրերը պետք է գնային՝ թողնելով այս խեղճ ու հիվանդ մարդկանց նորից միայնակ ու տխուր:  Կյանքի մայրամուտին հասած այս հիվանդ ու ծեր ամուսինների համար չկար ոչինչ ավելի կարևոր, քան ուղղակի պարզ ու հասարակ մարդկային շփումը, չկար ոչինչ աններելի, քան այն, որ մոռացված էին աշխարհի կողմից Սուրբ Ծննդյան օրը՝ օր, որ նրանք տարիներ շարունակ այդպես էլ չէին հիշել ու չէին հասկացել խորհուրդը, բայց ոչ իրենց կամքով: Սովետական շրջանում տիրող անհավատությունը դեռ պարզ արտահայտված էր նրանց հուսահատ աչքերում ու անհասկանալի խոսքերում: Նրանք միայն  գիտեին, որ ինչ-որ մի տեղ կա Աստված, որին պետք է մի օր հանդիպեին: Հյուրերը կարողացան Սուրբ Ծննդյան մի լուսավոր կտոր տալ հուսահատ ընտանիքին, բայց թե իրականում այդ ամենի որ մասը նրանք ընդունեցին, հյուրերին այդպես էլ հասու չէր իմանալ: Բայց մի փոքր մաս անպայման գտան…

Տարօրինակ են մարդիկ. նրանք նկատում են այն, որ լքված են մարդկանց կողմից, բայց երբեք այդպես էլ չեն նկատում, որ Աստված իրենց այդպես էլ չլքեց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s