Փետրվար, 1993 թ

Սառած քաղաքի ձյունածածկ փողոցով մի երիտասարդ կին էր արագ քայլում: Քայլում էր վստահ: Շտապում էր: Նա այնքան էր շտապում, չմաքրեց  ձյունոտ ոտքերը, այլ  նույնիսկ չէր էլ անդրադարձել, որ  երկու զավակների համար նախաճաշ չի պատրաստել:

Բարձրացավ մի քանի հարկ, մոռացավ, թե որ հարկ է հասել: Կանգնեց, նայեց աստիճանների կողքին գրված ցուցանակին: Եվս մի հարկ էլ բարձրացավ: Սկսեց քայլել խավար միջանցքով: Խավարը այդ ժամանակի համար նորմալ էր, բնականին գրեթե մոտ:  Մի կերպ կարողանում էր կարդալ միջանցքով մեկ տարածվող դռների վրա գրված անունները:

-Չէ.. Սա էլ չէ… Այս մեկն էլ չէ… Ահա՜, գտա…

Դուռը թակեց: Ոչ մի արձագանք: Նորից թակեց: Փորձեց բացել, բայց անօգուտ: Դուռը կողպված էր: Չհասկավաց, թե ինչու: Միջանցքի խավարում հանկարծ հայտնվեց սպիտակ խալաթով բուժքույրը: Կինը զարմացած նայեց նրան:

-Բժիշկը այստեղ չէ,- միանգամից ասեց նա՝ գուշակելով կնոջ հարցը:

-Ե՞րբ է գալու,- հարցրեց կինը:

-Չգիտեմ,- գրեթե լացելով ասեց բուժքույրը:-Մեկնել է Ղարաբաղ:

Բուժքույրը փորձեց թաքցնել արցունքերը, բայց չստացվեց: Նա առաջարկեց կնոջը, որ հետևի իրեն: Նրանք մտան մի սենյակ՝ լուսավոր և դասավորված: Բուժքույրը նստեց իր աթոռին, իսկ կինը տեղավորվեց նրա դիմաց: Դրան հաջորդեց լռությունը: Ղարաբաղ բառը մահվան ազդակ էր, որ նրանց երկուսի գլխից չէր հեռանում: Այն զրնգում էր ու ամեն մի վայրկյանին իր սարսափը ավելի տարածում:

-Բայց մենք այսօրվա համար պայմանավորվել էինք,-լռությունը առաջինը խախտեց կինը:

-Գիտեմ: Նա երեկոյան որոշեց, որ պետք է մեկնի ռազմադաշտ: Ինձ էլ այստեղ թողեց,- պատմեց բուժքույրը, ով մի քանի տարի էր, ինչ ամուսնացած էր բժշկի հետ: – Սարսափում եմ այն մտքից, որ կարող է էլ երբեք նրան չտեսնեմ: Բայց…

Բուժքույրը լռեց: Իր խոշոր աչքերը սևեռեց կնոջ վրա:

-Ես առավոտից Ձեզ էի սպասում: Գիտեի, որ գալու եք: Գիտեք, այս տարիների ընթացքում, ինչ մենք ամուսնացած ենք, մեզ այդպես էլ չի հաջողվում երեխաներ ունենալ: Ամեն անգամ, երբ Ձեր նման մեկը գալիս է այստեղ, նայում եմ ու չեմ հասկանում, թե ինչպես կարող եք սպանել սեփական երեխային: Ես ամեն գիշեր երազում եմ, որ նման մի հրաշք իմ հետ կատարվի և լինեմ Ձեր փոխարեն: Բայց ոչ: Ստիպված եմ այս ամենին հանդիսատեղի կարգավիճակով դիտել: Ամուսինս Ձեզ այստեղ կանչեց, որ խոսի Ձեզ հետ, փորձի  համոզել, որ չանեք այն, ինչ ուզում եք անել, որ չսպանեք այն մեկին, ով դեռ չի ծնվել:

-Դուք չեք հասկանում, մենք երկու երեխա արդեն ունենք: Երրորդին ի վիճակի չենք լինի պահել: Ամուսինս հիմնական աշխատանք չունի: Բնակարանն էլ վարձով է: Մենք…

-Կարևոր չէ,-ընդհատեց բուժքույրը,- ոչիչն էլ կարևոր չէ: Միայն թե պետք չէ նրան սպանել: Թեկուզ մի խնամեք նրան, հանձնեք մանկատուն: Ես համաձայն եմ ինքս պահել նրան: Տվե՛ք նրան ինձ, երբ նա կծնվի: Ոչ ոք երբեք չի իմանա այս ամենի մասին, ես Ձեզ խոսք եմ տալիս:

-Փաստորեն Ձեր ամուսինը ինձ դրա համար էր կանչել այստեղ: Իսկ ինձ ասեց, որ կօգնի ազատվեմ նրանից:

-Նա երբեք անմեղ երեխայի չի սպանի: Նա մարդսպան չէ,այլ բժիշկ,-բուժքրոջ սպառնալիքի նմանվող ձայնը տարածվեց սենյակում:

-Պարզ է,- ասաց կինը: Նա ոտքի կանգնեց, որ դուրս գար սենյակից: Բուժքրոջ ձայնը հասավ նրա ականջին.

-Լավ մտածե՛ք, ես պատրաստ եմ նրան պահել, միայն թե մի սպանեք նրան:

Կինը դուրս եկավ սենյակից: Մտքերը խառնվել էին: Բազմիցս էին նման հոգեվիճակով կանայք դուրս եկել այս բժշկի սենյակից: Նա շատերին էր համոզել, որ չսպանեն իրենց դեռ չծնված երեխային: Բայց այս մեկը անդրդվելի էր: Նա չէր ուզում ևս մեկ զավակ ունենալ: Չէր էլ ցանկանում ինչ-որ մեկին երջանկացնել: Կինը քայլում էր անորոշ, ձյունն էլ գալիս էր անհոգ: Հիվանդանոցի պատուհանից բուժքույրը դեռ նայում էր կնոջ հետևից այն հույսով, որ վերջինիս հաստատակամությունը գոնե մի փոքր թուլացավ: Իսկ եթե ոչ, ապա….

 

Հուլիս, 2012թ.  

Հերթական անգամ Հայաստանը ցնցվեց ադրբեջանցի դիպուկահարի գնդակից մահացած զինվորի բոթով: Հերթական անգամ լրագորղներն աղմուկ բարձրացրեցին, ադրբեջանցիները հերքեցին, իսկ ծառայակից զինվորները պարզապես լռեցին:

Ոչ ոք այդքան սուր ցավ չզգաց իր սրտում, որքան մահացած զինվորի մայրը: Օրերով նա չէր կարողանում հավատալ իրականությանը: Թվում էր սարսափ էր, որից պետք է արթնանար: Ամիսներն էլ անցնում էին, ցավը բթանում էր, բայց չէր անհետանում: Չէր էլ անհետանալու: Եղածի մեջ մեղադրում էր բոլորին, մարդկանց և Աստծուն:

Երեկոներն էր միայն մի քիչ թեթևանում իր ցավը, երբ իր երկու զավակները և ամուսինը տուն էին գալիս աշխատանքից: Միակ սփոփանքն այն էր, որ շուտով ծնվելու էր իր առաջնեկ թոռնիկը՝ ավագ որդու տղան: Անունն էլ արդեն որոշել էր. նրան անվանելու էր իր զոհված որդու անունով:

Հարսի խնդրանքով մի օր որոշեց վերջինիս ուղեկցել բժշկի՝ հերթական ստուգման: Խոսեցին ճանապարհին, քայլեցին, հարսը ամեն ինչ արեց, որ նա մի քիչ ցրվի: Բարձրացան բժշկի սենյակ: Բժիշկը զննեց հարսին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Եկավ նաև բուժքույրը, որ բերել էր իր հետ որոշ փաստաթղթեր: Բուժքույրն անընդհատ նայում էր սևազգեստ կնոջը: Երբ նրանց հայացքները հանդիպեցին, բուժքույրը հարցրեց.

-Իսկ Դուք ի՞նչ արեցիք, սպանեցի՞ք Ձեր որդուն:

Կինը մի պահ սարսափեց, շփոթվեց, սկզբում չհասկացավ հարցը: Բայց հանկարծ մի ակնթարթում ժամանակը տասնինը տարի հետ գնաց ու նա  նորից իր մեջ գտավ այն հաստատակամ ու երիտասարդ կնոջը, որ եկել էր այդ նույն հիվանդանոցը, նույն սենյակը  իր սեփական երեխայից ազատվելու անբեկանելի վճռականությամբ: Միայն թե բժշկի անսպասելի մեկնումն ու ամուսնու ժամանակավոր հիվանդությունն էր, որ չթողեց նրան հասնել իր ցանկությանը: Իսկ հետո արդեն ուշ էր: Երեխան արդեն պատրաստվում էր ծնվել:

Հարսը անորոշ հայացքով նայում էր սկեսրոջը: Բուժքույրն էլ սպասում էր իր հարցի պատասխանին՝ շատ լավ հասկանալով, որ կինը ըմբռնեց իր հարցը:

-Այո՛,-պատասխանեց սևազգեստ կինը,- այդ ես էի, որ նրան սպանեցի:

Ուշացած սպանություն
Ուշացած սպանություն

Տարօրինակ ենք մենք՝մարդ արարածներս: Մենք հաճախ ենք մեղադրում դիմացինին այն ամենի մեջ, ինչ մենք ինքներս էլ կանեինք առանց մի վայրկյան մտածելու`  ուղղակի չենք արել որոշակի հանգամանքներից ելնելով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s