Մի կորած հիշատակարանից: Սուրճ և տարեդարձ

Այսօր երկու գավաթ սուրճ կպատրաստեմ. առաջինը դառը՝ քիչ շաքարով և շատ սուրճով, իսկ երկրորդը՝ շատ շաքարով ու քիչ սուրճով: Մի՛ զարմացի, ես դեռ հիշում եմ, թե ինչպիսի  սուրճ էիր խմում: Կպատրաստեմ երկու գավաթն էլ: Կնստեմ ու լռության մեջ կխմեմ նախ իմ սուրճը՝ դառը, հետո էլ կխմեմ քո փոխարեն քո քաղցր սուրճը: Հետո ինչ, որ ես սուրճ չեմ սիրում, ես այն միշտ էլ քեզ համար եմ խմում: Վեց տարուց ավելի է, ինչ քեզ համար սուրճ չեմ պատրաստել: Կարոտում եմ այդ օրերին: Այս աշխարհում ոչ ոք այդքան կարիք չուներ իմ պատրաստած սուրճի, որքան դու… Ոչ ոք այն այդքան չէր ցանկանում: Սուրճ պատրաստելը քեզ համար սովորեցի: Եվ նորից վեց տարուց ավել է, ինչ քեզ համար սուրճ չեմ պատարստել:

Սուրճ

Գիտե՞ս ինչու այս վեց և ավել  տարիների ընթացքում քեզ հաշված անգամներ եմ այցելել: Չեմ ուզում  զգալ իմ անզորությունը, իմ միայնությունը ու իմ՝ անվերջ մեղանչողի ծանրացած խիղճը:  Բայց եթե այցելեմ էլ, միևնույնն է, այլևս երբեք քեզ համար սուրճ չեմ պատրաստի:

Մեր սեղանից քո սուրճի բաժակի հեռանալու հետ մեկտեղ հեռացավ նաև իմ հոգուց անդորրն ու խաղաղությունը: Իսկ ես ուզում եմ քեզ հետ գարնանային առավոտը, մեր հին ու սառը քաղաքը ու մի գավաթ էլ սուրճ:  Գիտես՝ երբեք չեմ խմի քաղցր սուրճ, քանի որ այն քոնն է, այլ ոչ թե իմը: Բայց այսօր կխմեմ քո սուրճը, կխմեմ ու կփորձեմ հասկանալ, թե դու այն ինչու էիր այդքան սիրում: Գուցե այդպես էլ չհասկանամ, բայց կխմեմ: Եվ հենց քո սուրճով էլ այսօր կշնորհավորեմ քո տարեդարձը՝ արդեն յոթերորդ անգամն առանց քեզ….

Ցավոք քեզ այլևս բարեմաղթանք չեմ ասի, այլ միայն մի աղոթք առ Աստված, որ հոգիդ խաղաղութուն գտնի:

Աննայի աղոթքը

Սբ. Աննա
Սբ. Աննա

Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ։ 2Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, 3եւ քեզանից բացի սուրբ չկայ։ Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը։ 4Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան։ 5Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։ 6Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից։ 7Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։ 8Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։ 9Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում։Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է։ Տէրը տկարացնում է իր հակառակորդներին։ Տէրը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ։ Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում։ 10Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»։ 11Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը։Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում>>:

Ա. Թագ.  2.1-10

Նա դեռ չգիտի

Շատ բարի մի աղջկա համար, որ այլևս երբեք չտխրի…

Նա դեռ չգիտի, որ վերքերը մի օր կդառնան սպիներ…. Նա չգիտի, որ սպիներն էլ երբեք չեն անցնի, կմնան, որ չթողնեն նորից սխալվել…. Սպիները կմնան որպես հետքեր, քանի որ չկան հետքեր, որ անհետ են անհետանում:

Նա դեռ հաճախ իրեն կորած կզգա  ժամանակի ու տարածություն մեջ, կսկի խեղդվել բաց պատշգամբում կանգնած, իսկ սիրտն էլ՝ ասես վանդակում: Ու նորից չի կարողանա շնչել: Անքուն գիշերներ…. Նա երևի արդեն գիտի, թե քանի աստղ կա երկնքում ու ինչպես են դրանք իրենց տեղերը փոխում:

Իսկ հիմա մնում էր միայն վերադարձ դեպի ապագա. այն ապագան, որը շեղվեց մի քանի ամսով: Կյանքը շատ ավելի հեշտ է դառնում, երբ սկսում ենք մեր ճանապարհին հայտված բոլոր մարդկանց ընդունել որպես ուսուցիչներ: Եվ անկախ այն բանից, թե ինչքան դժվար է խոսքեր գտնել, բայց մխիթարող խոսքեր նրա համար դեռ գտնում են: Իսկ նրան խորհուրդներ չէ որ պետք են, այլ միայն մի բառ. <<Դիմացի՛>>:

Ժամանակը կանցնի ու ամեն ինչ կմոռացնի: Բայց ժանամակն անցնելու համար էլ է ժամանակ պետք: Ասում են՝ ժամանակն է ամենամեծ բժիշկը: Իհարկե, ժամանակը բուժում է, բայց առանց հավատի ժամանակը երբեք ու երբեք լիարժեք չի բուժում: Եվ կիսաբուժված վերքերը դառնում են կոտրված հայելի, որի ամեն մի բեկորը կյանքի ծուռ արտացոլանքն է նետում:

կոտրված հայելի

Մինչ նա սպասում է, որ ժամանակը անցնի, նա մի քանի աղոթք է ուղարկում երկինք՝ վստահ լինելով, որ դրանք արագ տեղ հասան:

Նա դեռ չգիտի, որ մի օր նորից կծիծաղի ավելի զրնգուն, քան երբևէ, որ կսիրի կյանքը առավել, քան ինչ-որ մեկը: Նա դեռ չգիտի, որ չկա բացարձակ լավը կամ բացարձակ վատը: Նա դեռ չգիտի կյանքում ամեն ինչն էլ անցնում է՝ և՛ վատը և՛ լավը: Լավից մնում են հիշողություններ, իսկ վատից՝ դասեր: Բայց նա շուտով կիմանա….

Տարօրինակ են մարդիկ. շատ ավելի դժվարությամբ են հրաժարվում հորինված սիրո պարգևած երազանքներից, քան հենց սիրուց:

Կտոր մը լույս…..

Մարդիկ կորցնում են իրենց հավատը և հույսը, կորցնում են իրենց խոնավ ու կիսամութ տանը, որտեղ անգամ շարժվելն է վտանգավոր: Կորցնում են  ոչ մարդկային պայմաններում ապրող իրենց հաշմանդամ երեխային տեսնելիս: Կորցնում են, երբ օրվա գերխնդիրը դառնում է մի կտոր հացը: Եվ գոյությունը պահպանելու այս անվերջ ու ոչ միշտ արդյունավետ վազքի մեջ մարդը կորցնում է հավատը: Բայց միշտ ապրում է այն հույսը, որ կա այս աշխարհում մի բան, որը կստիպի այս պայմաններում ապրող մարդուն հավատալ, կստիպի մի անգամ գոնե երկինք նայել ու Աստծուն որոնել:

Նրանց խունացած և նույնիսկ ապակի չունեցող տան մեջ երբեմն  լսվում է Աստծո անունը, բայց շատ հաճախ արտասանվում է  սովորության  ուժով: Եվ նույնիսկ եթե շրջապատում ամեն օր հորդորում են հավատալ, նա չի հավատում: Այդպիսին է մարդը` չի հավատում, քանի դեռ չի տեսնում: Մարդկանց խամրած աչքերին նայելիս հասկանում ես, որ  մի կտոր լույսից ավել ոչնիչ պետք չէ….

Հոգնած աչքերով ու անժանամակ հյուրերից վախեցած հայացքով կինը իր սարսափահար դեմքով բացեց դուռը և ահա այն…. Լույսը…. Նա

Լույս

ոչնիչ չհասկացավ, ուղեղը բավականին հոգնած էր, որ կարողանար վերծանել այն, ինչ աչքերն էին տեսնում: Կարևորը նա տեսնում էր լույսը, լույսից այն կողմ էլ կանգնած էր հոգևորականը մի խումբ երիտասարդների հետ: Նույնիսկ արդեն կարևոր էլ չէր, թե նրանք ովքեր էին ու ինչու էին եկել, կարևորը լույս էր: Իսկ լույսը եկել էր ժպիտների հետ, ուրախ ու հասկացող աչքերի, հոգևորականի անթարթ հայացքի, խնկի բույրի ու մի կտոր էլ Ծննդյան Տոների ոգու հետ: Կինը հյուրերին առաջ հրավիրեց, շփոթվեց, մազերը փորձեց ուղղել, բայց անհույս, իրեն վատ զգաց տան թափթփված լինելու պատճառով, առաջարկեց նստել: Հետո էլ Հայր Սուրբը սկսեց տնօրհնեքի կարգը: Մի քանի վայրկյանում կինը հանկարծ զգաց այն, ինչ գուցե և երբեք չէր զգացել. դա Աստծուն այդքան մոտ լինելն էր, իսկ փոքրիկ Արեգը երկար նայում էր այն մոմին, որը սարկավագն էր տվել իրեն: Տունը լցվեց խնկի բույրով, աղոթքներով ու շարականներով: Փոքրի Արեգը սկսեց ժպտալ, իսկ մայրն էլ` հավատով աղոթել, հարևան կին-գնդապետն էլ պարզապես հիացած նայում էր:

Աշխարհում մարդիկ շատ ավելի կարիք ունեն բարի վերաբերմունքի և հասկացված լինելու, քան թե գումարների և նվերների: Պարզապես պետք է, որ ավելի բարի լինենք, ավելի ջերմ ու ավելի հոգատար բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:

Կարդացեք նաև Արմինե Բարսեղյանի գրառումը նույն թեմայով:

Մի կորած հիշատակարանից: Գտնված Սուրբ Ծնունդ…

Ամեն անգամ Սուրբ Ծնննդյան պատարագից հետո թվում է, թե աշխարհում ամեն ինչ է փոխվել, ամեն ինչ ավելի է բարիացել, ու մոռացված ոչնիչ ու ոչ ոք չկա: Միշտ հավատացած եմ եղել, որ աշխարհում չկա ոչ ոք, որ այդ օրը գոնե մի անգամ չժպտա ու շնորհակալ չլինի իր կյանքի համար ու չձգտի փրկության՝ հոգու փրկության, որը ավելի կարևոր է, քան մարմնի փրկությունը:  Վստահ էի, որ Սուրբ Ծննդյան ավետիսով պարուրված երջանկությունը այնքան ուժեղ էր ու մեծ, որ բավականացնում էր բոլորին:

Ես վստահ էի այս ամենի մեջ մինչ այն պահը, երբ հանկարծ ուժեղ հարված զգացի մեջքիս և ինձ գտա մի անծանոթ շենքի մուտքի սառը սալահատակին: Պետք է սովորած լինեի, որ ձնոտ ոտքերով չպետք է վազելով մտնել շենք: Բայց արդեն ուշ էր. ես արդեն անհաջող ընկել էի: Մի կերպ բարձրացա, զսպեցի ինձ, մի քանի անգամ խորը շնչեցի, որ արագ աշխատող սիրտս հանդարտվի, ու ինձ սևեռված ու վախեցած հայացքներին ասացի,  որ ամեն ինչ լավ է: Սուրբ Ծնունդ էր, դժվար թե վատ լիներ: Վախեցած հայացքները վերածվեցին զարմանքի, հետո էլ անզուսպ ծիծաղի: Երբ վերջապես այն ավարտվեց, որոշեցինք  կատարել այն այցը, որի համար մտել էինք շենք: Դուռը թակեցինք:  Բարեբախտաբար բնակարանն առաջին հարկում էր, հակառակ դեպքում դժվար ի վիճակի լինեի այդ անհաջող վայրէջքից հետո բարձրանալ ևս մի հարկ: Թակելուց մի քանի վայրկյան անց լսվեց մեկի ծանր ոտնաձայները դռան հետևում: Բացվեց փականը ու կիսաբաց դռան հետևում երևաց մի ծեր կին: Մուտքի և կիսամութ միջանցքի խավար լուսավորությունը թույլ չտվեց, որ կինը միանգամից ճանաչի անսպասելի հյուրերին: Հյուրերից մեկը մոտեցավ, գրկեց կնոջը: Կինը ժպտաց և շփոթված հայացքը թաքցրեց մի քանի կցկտուր խոսքերի հետևում: Հյուրերից մեկը, որ մի քանի վայրկյան առաջ գրկել էր ծեր կնոջը, առաջ գնաց դեպի սենյակ,մյուսներն էլ հետևեցին իրեն: Հյուրերը մտան մի փոքր ու խղճուկ  սենյակ: Սենյակի մի անկյունում՝ հենց դռան կողքին, դրված էր մի մահճակալ, որին նստած էր մոտ քառասուն տարեկան մի տղամարդ: Նա հյուրերին տեսնելով արագ ոտքի կանգնեց: Մի քանի վայրկյանում տղամարդը հայտնվեց հյուրերի կողքին ու սկսեց անհասկանալի շարժումներ անել: Տղամարդը հիվանդ էր, ուներ հոգեկան որոշ շեղումներ: Հյուրերը մինչ այցն էին զգուշացվել այդ մասին. նրանք անակնկալի չեկան, միայն ուշադիր նայում էին վերջինիս: Սենյակում ցուրտ էր. մեջտեղում դրված էր ջեռուցման համար նախատեսված էլեկտրական սարք, բայց այն հավանաբար անջատված էր, կամ էլ շատ կամաց էր միացված: Սենյակում դրված էին նաև երկու ուրիշ մահճակալներ, որոնցից մեկի վրա պառկած էր ծեր կնոջ հիվանդ ամուսինը: Հիվանդը գրեթե չէր երևում հնամաշ ծածկոցների ու վերմակի տակ: Դեղին գլխարկն էլ ձգվում էր մինչ աչքերը: Հյուրերից մեկը մոտեցավ հիվանդին, բռնեց ձեռքը: Հիվանդն ոչինչ չասեց, բայց հավանաբար ճանաչեց հյուրին: Ուղիղ վեց տարի էր անցել այն օրից, երբ առաջին անգամ տեսա այդ ծերունուն:

Նորից ձմեռ էր, նորից Սուրբ Ծնունդ էր ու նորից ցուրտ: Վստահաբար ամենացուրտ ձմեռն էր: Ծերունին ձեռնափայտը ձեռքին մի կերպ մտավ բակ և քայլերն ուղղեց դեպի բակի մյուս մասում գտնվող փոքրիկ տունը, որը բաղկացած էր երկու սենյակից՝ մեծ և փոքր: Փոքր սենյակի մեծ պատուհաններից հանկարծ երևաց նրա լողացող պատկերը, որ ամեն կերպ ջանում էր անցնել սառած ձյան և սառույցի վրայով: Երբ արդեն անցել էր, շատ զգույշ բացեց տան դուռը և ներս մտավ: Նրան մոտեցավ իր հարսը, որը իրենից մի քանի տարի էր փոքր: Իրար լուռ ողջունեցին, հարսը վերցրեց ծերունու վերարկուն, առաջարկեց սենյակում դրված աթոռներից մեկը և նրանք տեղավորվեցինք իրար դիմաց

ծերունի

դրված աթոռներին: Երկուսն էլ լուռ էին: Խոսելն արդեն իմաստ չուներ նրանցից ոչ մեկի համար: Ծերունին գլուխը բարձրացրեց և նայեց իր եղբոր՝ պատին կախված նկարին, ու մաշված աչքերից արցունքի մի բարակ գետ հոսեց: Ցանկացավ արագ սրբել աչքերը, որ իր հարսը, որ մի քանի օր առաջ էր այրիացել, չնկատեր: Բայց չստացվեց: Երկուսով լուռ նստեցին երկար, լուռ լացեցին: Նրանցից յուրաքանչյուրը լացում էր իր ցավի համար. տարեց այրին դեռ սգում էր ամուսնու անսպասելի մահը, իսկ ծերունին տասն օր էր, ինչ փորձում էր հենց իր համար ներում ու մխիթարություն գտնել, փորձում էր իր համար արդարացում գտնել: Նա միակն էր, որ վերջին տասն օրերի ընթացքում գալիս էր այցի ոչ թե խոսելու, այլ լռելու համար: Նա թերևս միակն էր, որ այդ օրերին արդարացման բացատրություն  չէր տալիս:  Ծերունու՝ սգացող եղբոր արցունքների հետ խառնվել էր նաև անսահման կարոտը եղբոր հանդեպ, իսկ այդ կարոտը գալիս էր տարիների խորքից: Պատին կախած նկարում եղբայրը այնքան երիտասարդ էր, կենսախինդ ու առողջ: Նա միայն այդպես էր հիշելու իր կրտսեր եղբորը, քանի որ նրան հիվանդ այդպես էլ չտեսավ: Վերջին անգան եղբորը տասը տարի առաջ էր տեսել և տաս օր առաջ՝ թաղման օրը: Երբ իր այցն արդեն ավարտված համարեց, ծերունին դանդաղ ոտքի կանգնեց, հարսը օգնեց, որ հագնի վերարկուն: Հետո էլ հարսը դարակից հանեց ծխախոտների մի մեծ տուփ և  տվեց ծերունուն՝ ասելով, որ դա նրա եղբորն էր, որը նա այդպես էլ չհասցրեց վերջացնել: Հետո էլ գնաց ու այնդպես էլ չհիշեց, որ Սուրբ Ծնունդ էր: Ծերունին դեռ մի քանի անգամ էլ այցելեց իր եղբոր այրիին մինչ վերջնական անկողին ընկնելը:

Հիմա էր պառկած էր լուռ ու մտքում հավանաբար խոսում էր  վաղուց մահացած իր հարազատների հետ: Սա գուցե և լինի նրա վերջին Սուրբ Ծնունդը, բայց նա հավանաբար դա էլ չնկատեց: Մյուս հյուրերը անշարժացած կանգնած էին դռան մոտ: Ծեր կնոջ առաջարկով նրանք նստեցին: Տիրեց լռությունը, որը հազարավոր ասեղներից ավելի խորն ու ցավոտ էր խոցում: Հետո հյուրը ոտքի ելավ, ծեր կնոջը բացատրեց այցի նպատակը, սեղանին դրեց այն, ինչ նրանց համար էին բերել:  Ծեր կնոջ աչքերում ուրախություն մի փոքր փայլ երևաց, և միայն այդ ժամանակ հիշեց, որ Սուրբ Ծնունդ էր: Ժպտաց: Բայց կցանկանար շատ ավելին ասեր՝ իրենց չմոռանալու համար, բայց չկարողացավ: Միայն կարողացավ հյուրերին առաջարկել սուրճ: Բայց անակնկալ հյուրերը պետք է գնային՝ թողնելով այս խեղճ ու հիվանդ մարդկանց նորից միայնակ ու տխուր:  Կյանքի մայրամուտին հասած այս հիվանդ ու ծեր ամուսինների համար չկար ոչինչ ավելի կարևոր, քան ուղղակի պարզ ու հասարակ մարդկային շփումը, չկար ոչինչ աններելի, քան այն, որ մոռացված էին աշխարհի կողմից Սուրբ Ծննդյան օրը՝ օր, որ նրանք տարիներ շարունակ այդպես էլ չէին հիշել ու չէին հասկացել խորհուրդը, բայց ոչ իրենց կամքով: Սովետական շրջանում տիրող անհավատությունը դեռ պարզ արտահայտված էր նրանց հուսահատ աչքերում ու անհասկանալի խոսքերում: Նրանք միայն  գիտեին, որ ինչ-որ մի տեղ կա Աստված, որին պետք է մի օր հանդիպեին: Հյուրերը կարողացան Սուրբ Ծննդյան մի լուսավոր կտոր տալ հուսահատ ընտանիքին, բայց թե իրականում այդ ամենի որ մասը նրանք ընդունեցին, հյուրերին այդպես էլ հասու չէր իմանալ: Բայց մի փոքր մաս անպայման գտան…

Տարօրինակ են մարդիկ. նրանք նկատում են այն, որ լքված են մարդկանց կողմից, բայց երբեք այդպես էլ չեն նկատում, որ Աստված իրենց այդպես էլ չլքեց:

Ավետիք Իսահակյան: Կիսաբացահայտված փաստեր

Ավետիք Իսահակյան՝ հայ մեծ գրող և մտավորական, մեծ հայրենասեր ու մեծ հայ:

Ավ. Իսահակյան

Երկար տարիներ ապրելով Հայաստանից հեռու` նա այդպես էլ չդադարեց մտածել հայերեն, հայերի  ու հայրենիքի մասին:

Իսահակյանի մասին փաստերը պետք է բաժանել երկու խմբի՝ հայտնի և ոչ լիովին հայտնի:

Իսահակյանը ծնվել է 1875 թ-ի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդարպոլում (Գյումրի) և մահացել է 1957թ-ի Հոկտեմբերի 17-ին Երևանում: Սովորել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և եղել է Լայպցիգի Համալսարանում ազատ ունկնդիր:

Բայց, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները ու արխիվները, սա չէ այն ամենը, ինչով իրականում կազմվում է մեծ բանաստեղծի կյանքը և նրա մարդկային տեսակը: Ցավոք Իսահակյանի ամբողջ գործունեությունը չէ, որ բացահայտված է, բայց բացահայտվածներն էլ պակաս կարևորություն չունեն:

Իսահակյանը երկար տարիներ ապրել է Շվեյցարիայում և Գերմանիայում, որի պատճառը պարզ էր: Նա ՀՅԴ Ալեքսանդրապոլի կոմիտեի անդամ էր, համարվում էր Ցարակական Միապետության դեմ պայքարող, մի քանի անգամ ձեռբակալվել էր ու աքսորվել, հետևաբար նրա կյանքը այլևս վտանգված էր հայրենիքում:

Դեռևս 1914թ-ին Բեռլինում ստեղծվում է Գերմանահայ ընկերությունը մեծ հայասեր Յոհաննես Լեփսիուսի գլխավորությամբ: Իսահակյանը դառնում է ընկերության քարտուղարը: Նա Եվրոպայում  փորձում էր միջոցներ գտնել հայրենակիցներին օգնելու համար: Բայց շուտով մեկը մյուսի հետևից սարսափելի լուրեր է ստանում հայրենիքից կոտորածների մասին. Սիամանթոն, Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականները սպանված էին: Իսահակյանի հարսը հետագայում պատմում է, որ  օրերով չէր խոսում: Իսահակյանը հաճախ իր մտքերը կիսում էր իր հարսի հետ: Իսահակյանի խորը ապրումների մասին են վկայում նաև նրա այդ շրջանի գրած բանաստեղծությունները:

Ահա նորեն եկավ գարուն
Օ, կտրեցեք, օ, կտրեցեք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եղած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լի՜րբ, անզգա...

1919, Ժընև

Մեծ հայրենասերի ծավալած գործունեության շատ մանրամասներ բացահայտվեցին բանաստեղծի մահվանից տասնյակ տարիներ անց և հիմնականում նրա անձնական նամակներից: Պահպանվել են  Շահան Նաթալի նամակները Իսահակյանին, որտեղ նա դիմում էր նրան ուղղակի Ավո:  Շահան Նաթալը Նեմեսիս օպերացիայի հիմնական կազմակերպիչներից էր համարվում: Հետագա փաստերը ցույց տվեցին Իսահակյանի` ոչ միայն Շահան Նաթալի, այլ նաև Նեմեսիս օպերացիայի  հետ ունեցած կապը:

Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին դատապարտեցին մահվան և քաղաքական հուզումներից խուսափելու համար Անգլիական կողմը նրանց տեղափոխեց Մալթա, որ այնտեղի իրականացնի նրանց մահապատիժը հանգիստ պայմաններում: Սակայն այնտեղ նրանց փոխարինեցին անգլիացի բանտարկյալների հետ և ազատ արձակեցին: 1919թ-ին արդեն սկսվեց կազմավորվել հայ վրիժառուների խումբը և մշակվել հատուկ օպերացիա, որը անվանվեց Նեմեսիս: Նեմեսիսը հին հույների վրիժառության աստվածուհին էր: Վերջին տարիներին միայն բացահայտվեց Իսահակյանի ու Նեմեսիս օպերացիայի կապը: Բայց փաստերը նաև մատնանշում են այն հանգամանքին, որ Իսահակյանը ոչ միայն կապ ուներ, այլ հենց ինքն էր կազմակերպիչներից և ոգեշնչողներից մեկ, նա էր ֆինանսական միջոցներ հայթայթում գործողությունները իրականացնելու համար:

Սողոմոն Թեհլերյանը, որ նույնպես մասնակցում էր օպերացիային, ուղարկվում է Բեռլին: Նրան տեղեկացնում են, որ Բեռլինում նրան է սպասելու Ավետիք Իսահակյանը: Բեռլինում արդեն Թեհլերյանը ստանում է Շահան Նաթալից հետևյալ գրությունը. <<Կը պայթեցնես գանգը թիւ 1 ազգասպանին եւ չես էլ փորձեր փախչիլ. Կը կանգնես տեղդ, ոտքդ սատակին վրա ու կը յանձնուիս ոստիկաններուն, որոնք կու գան ու կձերբակալեն քեզ>>:

Բեռլինում Թեհլերիանի հետ Թալեաթ Փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը: 1921թ-ի մարտի 15-ին Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին: Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում:

Իսահակյանի ցանկությամբ այս և մյուս բոլոր փաստերի մասին գրեթե չխոսվեց: Միայն կան կցկտուր վկայություններ անձնական արխիվներում և նամակներում: Բանաստեղծի գործունեության մասին գիրք գրեց հետագայում նրա որդին՝ Վիգեն Իսահակյանը՝ վերնագրելով գիրքը <<Հայրս>>: Գիրքը հրատարակվեց Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի կողմից:

Ընկերություն տղամարդու և կնոջ միջև. միֆ թե՞ իրականություն….

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ եզրույթը և հենց ինքը` երևույթը, տարբեր կերպ են ընկալվում տղամարդկանց և կանանց կողմից: Կնոջ կողմից ընկերության ընկալումը հիմականում հիմնված է վստահության վրա: Նրանք միմյանց հետ լացում են, հաճույք են ստանում միմյանց խորհուրդներ տալուց, եթե նույնիսկ այդ խորհուրդները չեն օգտագործվելու, և երկար քննարկում են ինչ-որ մի հարց, որը ուղղակի քննարկման ենթակա էլ չէ: Իսկ ահա տղամարդկանց ընկերությունը ավելի շատ գործերի վրա է հիմնված: Նրանք ավելի հաճախ նախընտրում են ինչ-որ բան անել, քան խոսել դրա մ

ասին: Նրանք համարյա երբեք ցույց չեն տալիս, որ թույլ են:  Դուք երբևէ հանդիպե՞լ եք մի տղամարդու, որ ժամերով խոսի իր ընկերոջ հետ:

Ընկերությունը տալիս է մարդուն այն, ինչը չի կարող տալ ընտանիքը: Կան բազմաթիվ թեմաններ, որոնք ենթակա չեն և անհնար են, որ քննարկվեն ընտանիքի անդամների հետ: Ընկերությունը փախուստի մի տեսակ է, որը լավ է և տղամարդկանց, և կանանց համար:

Մեր մտածելակերպից և կարծրատիպերից ելնելով` մեզ համար հեշտ է ընդունել նույն սեռերի միջև ընկերությունը: Անկասած, հակառակ սեռերի միջև ընկերությունը նույնպես հնարավոր է, և մենք չենք կարող ոչնիչ անել այս փաստի հետ, քանի դեռ ընկերության այս ձևը ընդունված է և գոյություն ունի: Բայց մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչու շատ տղամարդիկ որպես ընկեր փնտրում են այն կնոջը, ով չի պատկանում իրենց սոցիալական և ներքին շրջանակին, մինչդեռ կանայք պատրաստ են կիսել իրենց էմոցիաները և տպավորությունները հենց իրենց աշխատակիցների հետ, ում նրանք որպես ընկեր են վերաբերվում:

Կար մի ժամանակ, երբ տղամարդիկ աշխատում էին, կանայք էլ տանն էին, և միակ տեղը, ուր նրանք կարող էին գնալ միասին, ռոմանտիկ հանդիպումն էր: Բայց դա մի ժամանակ էր… Դրսում 21-րդ դարն է, և հիմա տղամարդիկ և կանայք աշխատում են միասին, ունեն նույն սիրելի սպորտաձևը և սոցիալականանում են միասին: Չնայած դա մի քիչ բարդ է, իսկ ոմանց համար` անհնար, բայց կինը և տղամարդը իսկապես կարող են լինել ընկերներ:

Հասարակությունը ռոմանտիկ հարաբերությունները դեռ վաղուց  առանձնացել էր որպես կնոջ և տղամարդու հարաբերությունների նախնական տեսակ: Ժամանակին կային նաև վարքագծի հատուկ կանոններ, որոնց նրանք պետք է հետևեին հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփվելիս, օրինակ` ինչպես սիրախաղ անել,  ինչպես խոսել, նստել և այլն:

Ներկայիս հասարակություն, ֆիլմերը և հեռուսատեսությունը շատ են փոխել մարդկանց պատկերացումները կյանքի և ընկերության մասին: Նրանց շնորհիվ երկու սեռերի միջև ընկերությունը ներկայացվում է անհնար:

Այն կանայք և տղամարդիկ, ովքեր որոշել են պարզապես լավ ընկերներ լինել, պետք է մի քանի խնդիրներ հաղթահարեն՝  1. կարողանան տալ իրենց հարաբերություններին անուն, 2. միմյանց հավասար համարեն, 3. հաղթահարեն սեռական ձգողականությունը միմյան հանդեպ, 4. պատրաստ լինեն հանդիպել իրենց հարաբերությունների` հասարակության կողմից սխալ ընկալմանը:

Ի՞նչն է նրանց ստիպում լինել ընկերներ:

Ընկերության գաղափարի հիմքում ընկած են ոչ թե սեռային տարբերությունը, այլ վստահությունը: Տղամարդիկ կարծում եմ, որ կանանց հետ ընկերությունը <<բարձրորակ>> է, քանի որ նրանք կարող են արտահայտել իրենց էմոցիաները ու զգացմունքները. մի բան, որը նրանք հաճախ չեն անում տղամարդկանց հետ ընկերություն անելիս: Եվ ստացվում է, որ տղամարդուն ավելի շահավետ է այս տեսակ ընկերությունը:  Իսկ կանայք ավելի շատ ամուր հենարան ու պաշտպան են փնտրում հակառակ սեռի հետ ընկերության մեջ:

Կինը և տղամարդը իրենք են որոշում` արդյոք ուզում են լինել ընկերներ, թե ոչ:

Եթե կինը կամ տղամարդը ժամանակի ընթացքում սիրահարվում է իր  ընկերոջը, դա դեռ չի ապացուցում, որ չկա ընկերություն կանաց և տղամարդկանց միջև: Ցանկացածը կարող է ունենալ մի քանի հակառակ սեռի ներկայացուցիչ ընկեր, բայց ոչ բոլորին է սիրահարվում: Իսկ այդ մեկին, ում նա սիրահարվել է, կարող էր և սիրահարվել փողոցում, աշխատավայրում, սրճարանում… Մարդիկ, ովքեր պնդում են, որ իրականում տղամարդու և կնոջ միջև ընկերություն չկա, նրանք են, ովքեր ի վիճակի չեն կամ չեն կարող իրենց իսկ հակառակ սեռի ներկայացուցիչ ընկերներին որպես ընկեր ընդունել:

Ժամանակին հանճարեղ մեկը ասել է. <<Հետո ինչ, որ սերը փշեր ունի, այն ծաղիկ է, իսկ ընկերությունը` ընդամենը բանջարեղեն>>: Իսկ եթե որոշել եք այսպես վարվել, ապա չմոռանաք մեկ այլ հանճարեղ խոսք. <<Ընկերությունը կարող է ավարտվել սիրով, բայց սերը ընկերությումբ` երբեք>>:

“Վարդ սիրեցի” կամ “Սարի աղջիկ”: Աղավաղված երգի պատմություն…

<<Վարդ սիրեցի>> կամ <<Սարի աղջիկ>>-ը հայկական ազգային երգ է: ժամանակի ընթացում քաղաքական և աշխարհագրական որոշակի գործոնների շնորհիվ կամ պատճառով տարածվել է նաև թուրքերի շրջանում և որպես արդյունք`  նաև թրքացվել. երգը Թուրքիայում ունի թուրքական անվանում` <<Սարի Գելին >>(Sarı Gelin): Երգը վերջին մի քանի տասնամյակում ենթարկվել է նաև ադրբեջականական աղավաղումների:

Ըստ թուրքական ավանդության երգի պատմությունը հետևյալն է:  Մի թուրք տղա սիրահարվում է մի հայ աղջկա, բայց վերջիս ամուսնանում է ուրիշի հետ, քանի որ տղան մուսուլման էր, իսկ ինքը` քրիստոնյա:

Թուրքիայում Կոնսերվատորիա ընդունվելու համար պարտադիր պայման է երգել <<Սարի Գելին>> երգ` ըստ նրանց թուրքական ազգային երգ:  Թուրքական ազգային արժեքները երիտասարդների մեջ ավելի լավ սերմանելու համար  2009թ-ին Թուրքիան Հայոց Ցեղապտանությունը ժխտող մի ֆիլմ ցուցադրեց երեխաներին դպրոցներում <<Սարի Գելին>> (Դեղին հարս) անվանումով: Ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ նրանց բռնի կերպով ստիպել էին դիտել այն:

Երկու տարի անց էլ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկով հարցազրույցի ժամանակ ասաց, թե հայերին պետք է հիշել <<Սարի Գելին>> երգով, քանի որ այն հայկական է և նաև երգեց այն` բնականաբար թուրքերենով:  Սա իհարկե դուր չեկավ <<եղբայր>> Ադրբեջանին և նա էլ վիրավորվեց, որ իր <<բարեկամը>> հեռուստատեսությամբ ադրբեջանական ազգային երգը անվանում է հայկական: Ադրբեջանում էլ յուրաքանչյուր իրեն հարգող էստրադային աստղ, ով նոր է մուտք գործում էստրադա, պետք է այս երգով մուտք գործի ու իր գործունեության ընթացքում հաճակ կատարի այն:

Ինտերնետում էլ մի իսկական քաոս է <<Վարդ սիրեցի>> երգի հետ կապված: Որոշ աղբյուրներ նշում են, որ թուրքական է, որոշներն էլ` որ ադրբեջանական է: Կան նաև աղբյուրներ, որ խոսում են երգի հայկական ծագման մասին ու ավելի հաճախ համեմատվում է թուրքական տարբերակի հետ: Բայց ոչ մի տեղ չկա հայկական ծագման մասին մանրամասներ ու տեղեկություններ. բոլոր դեպքերում այսքան ժամանակ ես չեմ հանդիպել:

Բայց ամենացավալին այն է, երբ հայ երիտասարդը, որ բավականին հաջողություններ ունի երաժշտության ոլորտում, ասում է, որ հայերը ու թուրքերը իրար նման են, քանի որ <<Սարի Գելին>> ունեն և հայերը և թուրքերը:

Այս արդյունք է խնդրի համար պատասխանատու նախախարության անտարբերության, հանրային հեռուստաընկերությունների չափից ավել կոմերցիոն գործունեության, ինչպես նաև գրանտակեր հասարակության: Անհասկանալի է /բոլոր դեպքերում ինձ համար/ այն, որ հայը չի երգում այն, ինչ իրականում իրենն է և թողնում է, որ օտարը դա վերցնի: Իսկ ինքը մինչ այդ վերցնում է ցածրարժեք ադրբեջանական և թուրքական  կլկլոցներ ու դրա հիման վրա իր երգացանկում ևս մի <<գլուխգործոց>> ավելացնում: Բայց հայկական երգը կլկլոցներից մաքրել է դեռևս Կոմիտասը:

Այս հավերժական թվացող բանավեճի ու խնդրի միակ լուծումը գտնվում է թուրքական արխիվներում, որտեղ պահվում են հայկական ազգային երաժշտության նոտաները, որոնք դեռ անցած դարագլխին վերցվել են ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող հայերից, բայց և որոնք փակ են նույնիսկ թուրք երաժշտագետների առաջ:

Հ.Գ. Երգի ադրբեջանականացված և թրքացված տարբերակները չեն ներառվել, քանի որ իրականում ցանկանում եմ խնայել  ընթերցողի լսողությունը:

Կնոջ դերը եկեղեցում: Մանանան Մալաթիայի Սբ. Աստվածածնում…

Թեմա: Կինը եկեղեցում

Վայրը: Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցի (կից սրահ)

Կազմակերպիչ: Ներսես սրկ. Ղազարյան

Բանախոս: Արսեն սրկ. Զոհրաբյան

²² Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ։ ²³ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»։ ²⁴ Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին։ (Ծն 2:22-24)

Եկեղեցում կինը պետք է լուռ լինի, եկեղեցում կինը պետք է լինի գլխաշորով, իսկ տղամարդը գլխաբաց: Կինը պետք է հնազանդ լինի իր ամուսնուն: Առաջին հայացքից թվում է, թե սա ոչ այլ ինչ է, քան անհավասարություն եկեղեցում տղամարդու ու կնոջ միջև: Անհավասար լինելու կանանց այս մշտական պնդումները ամբողջանում են կնոջ քահանայանակ աստիճան չունելու փաստարկով: Նշեմ, որ որոշ եկեղեցիներ ունեն քահանայական կարգ, ինչպես նաև տարբեր մանր-մունր աղանդավորական կազմակերպություններ ունեն կին հոգևոր հովիվներ:

Բայց իրականությունը այնքան էլ այդպիսին չէ, այլ հակառակը՝ կինը հավասար է տղամարդուն: Պարզապես տարբեր են տղամարդու ու կնոջ համար հատկացված դերերը: Տարբեր դերերը չի նշանակում անհավասար դերերը և այն, որ կինը չի կարող ծառայել եկեղեցում: Կինը իրականում ծառայում է եկեղեցում: Նախ և առաջ կինն է եկեղեցուն տալիս այն հոգևորականներին, որոնք ծառայում են եղեկեցում: Եվ կնոջ այս ծառայությունը եկեղեցուն և Աստծուն թերևս ամենակարևորն է: Կախված մի շարք գործառույթներից այսօր կանայաք իրականացնում են տարբեր տեսակի ծառայություններ եկեղեցում: Քահանաները եկեղեցու սպասավորներն են, բայց շատ քչերն են երևի մտածել, որ նրանց կանայք իրենցից ոչ պակաս են ծառայում եկեղեցուն: Մի պարզ օրինակ բերեմ. քահանան ամեն օր գալիս է համայք և քարոզում, որ կինը պետք է լինի գլխաշորով, համեստ, զուսպ, բարեկիրթ ( խոսքս կրթված լինելու մասին չէ) և լավ մայր: Բնականաբար նրա քարոզները ուղղակի ծիծաղելի կթվան, եթե նրա կինը եկեղեցի մտնի գլխաբաց, ոչ վայելուչ տեսքով, իսկ նրա երեխաները՝ մաստակով: Այս դեպքում այն ամենը, ինչ ասվում և քարոզվում է քահանայի կողմից, գործանակորեն ուղղակի կատարվում և ապացուցվում է իր կնոջ կողմից: Ու առանց գործնական ապացույցի քահանայի տեսական խոսքերը կունենան պակաս արժեք:

Կանայք այսօր եկեղեցում զբաղվում են եկեղեցուն պատկանող տարբեր հաստատություններում` հայորդաց տներ, մանկատներ, խնամքի կենտրոններ, երեխաների խնամքով, դաստիարակությամբ և զարգացմամբ: Դեռ շատ հին ժամանակներից հայտնի են նաև հայ մի շարք իշխանուհիներ, որոնց ենք այժմ պարտական հայկական մի շարք եկեղեցիներով (Սանահին, Հաղպատ, Աղթամար և այլն) ու բավականին մեծ արժեք ունեցով ձեռագրերով`  իրենց մեծ նպաստն ունենալով եկեղեցաշինության և մատենագրության մեջ: Վստահաբար կանանց դերը հայ եկեղեցեցում չի սահմանափակվում այս օրինակներով: Դրանք ավելի ծավալում են: Հետագայում կլինեն մի քանի գրառումներ այս թեմայով: Քրիստոնեության պատմության մեջ նույնպես կան բազմաթիվ վկայություններ տարբեր կույսերի մասի (Սբ. Կույս Քրիստոնյա, Սբ. Կույս Վասիլուհի, Սբ. Կույս Հուլիանե և այլն), որոնք հետագայում նաև սրբացվել են: Եվ նաև չմոռանանք, որ կինը կյանք տվեց Քրիստոսին, և կինն էլ հայտնեց Քրիստոսի հարության լուրը: Երբ Քրիստոսին խաչեցին, բոլոր առաքյալնեը փախան, միայն կանայք էին, որ մնացին:

Հայ Առաքելական Եկեղեցին էլ ունի նշանավոր Սրբուհիներ` Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սր. Մարիաննե կույսերը և ոչ միայն, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն Քրիստոսի:

Կա հին մի սլավոնական հեքիաթ: Մի օր մի կախանդ քայլում է գյուղով և լսում է, որ երաժշտության ձայն է գալիս մի տնից: Մոտենում է պատուհանին ու նայում ներս: Տեսնում է, որ մի կուզիկ մարդ շատ լավ պարում է ու երգում: Կախարդը մտնում է ներս ու երկար ժամանակ հիացած նայում: Հետո որոշում է կուզիկին իր տաղանդի համար ինչ-որ մի բան շնորհի որպես պարգև: Եվ որոշում է ազատել նրան կուզից ու բուժում է: Կուզիկը, որ արդեն բուժվել էր, քայլում է հաջորդ օրը գյուղում և հանդիպում մեկ այլ կուզիկի: Վերջինս հարցնում է, թե ինչպես է եղել, որ նա ազատվել է կուզից: Նա էլ ամեն ինչ պատմում է: Կուզիկը որոշում է, որ այդ երեկո ինքն էլ պետք է գնա ու երգի: Եվ այդպես էլ անում է: Երեկոյան կախարդը շրջում է գյուղով և էլի լսում երաժշտության ձայն: Մոտենում է պատուհանին և տեսնում, որ մի կուզիկ երգում է և պարում: Բայց սաստիկ վատ: Եվ նա որոշում է պատժել կուզիկին և նրան կուզին ավելացնում է երկրորդ կուզը:

Այսօր կինը, լինելով մաքիսմալիստ, և’ եկեղեցում և’ հասարակության մեջ նմանվում է այս երկորդ կուզիկին, ով, առանց այն է ունելով իր բավականին բարդ աշխատանքը՝ կին և մայր լինելը, իր վրա է վերցում միշտ ևս մեկը ու նորից մեկը: Կինն ու տղամարդը բնությունից տարբեր են ստեղծված, բայց ոչ անհավասար: Կարծում եմ, որ պետք լինի գոնե մի բնագավառ կյանքում (եթե իհարկե կարելի է դա բնագավառ անվանել), որտեղ կնոջ ու տղամարդու դերերը պետք է տարբեր լինեն: Կինն է կյանքը շարունակողը և կյանք տվողը՝ մի բան, որ տղամարդը անել չի կարող: Հետևաբար քահանա լինելն էլ թող լինի այն, ինչ տղամարդը կարող է, և կինը չի կարող:

Սա այն թեման է, որի մասին քիչ ասելը նշանակում է ոչնիչ չասել, շատ ասելու համար էլ շատ ժամանակ է պետք: Բայց ոչնիչ չասելն էլ աններելի է:

Ադրբեջական գերեզմանոց Հայաստանում.. Azeri cemetery in Armenia

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բյուրակն գյուղն է, գտնվում է Գյումրիից 16կմ հյուսիս-արևմուտք:  Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի վերջում: Իսկ 20-րդ դարից այստեղ սկսել են բնակվել ադրբեջանցիները նույնպես: Գյուղում կա երկու գերեզմանատուն` հայկական ու ադրբեջանական: Ադրբեջանցիները այստեղից հեռացել էլ 90-ականների սկզբին, բայց նրանց գերեզմանատունը դեռ կա, չնայած ոչ խնամված, բայց կանգուն ու չպղծված. հազվադեպ կամ գոյություն չունեցող երևույթ ադրբեջանում գտնվող հայկական գերեզմանների մեջ:

This is  Byurakn village, located  16km  North-West from Gyumri. It was founded at the end of 19th century. Beginning form the 20th century azeri began to live here along with Armenian.  There are 2 cemeteries in the village: Armenian and Azerbaijani. Azeri left the village at the beginning of 1990-s, but therefore, their cemetery still exists. Thought no one takes care for, it is still standing and not desecrated: a rare or not existing phenomenon among the Armenian cemeteries in Azerbaijan.